2024-2025 ուսումնական փաթեթ

Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները

Հանրակրթակամ պետական չափորոշիչ

  • Հեղինակային կրթական ծրագիրը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները

  • Առարկայի ուսուցման նպատակը՝ 

«Բնություն» կամ բնագիտություն առարկայի ուսուցման նպատակը կենդանի և անկենդան բնության մասին նախնական գիտելիքների հաղորդումն է, բնության երևույթները ճանաչելու,
պարզ ուսունասիրություններ կատարելու համար անհրաժեշտ փորձարարական կարողությունների ձևավորումն է, բարձր դասարաններում բնագիտական առանձին
առարկաների ուսումնասիրության անհրաժեշտ հիմքերի ապահովումը:
Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը՝
1) իրականացնել չափումներ, կատարել մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ, գնահատել արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան նյութեր և
սարքավորումներ.
2) դրսևորել աշխատանքային հմտություններ, կարողանալ անվտանգ օգտագործել
տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
3) վերլուծել, գնահատել և առաջարկել դասակարգման չափանիշներ.
4) ստացած գիտելիքները կիրառել բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության համար.
5) դրսևորել պատասխանատու վարքագիծ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և շրջակա միջավայրը պահպանելու գործում.
6) մասնակցել բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
7) գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ.
8) գտնել և օգտագործել տեղեկույթ տարբեր աղբյուրներից, դրանք օգտագործելիս
կատարի հղումներ.
9) արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը:

  • Առարկայի ընդհանուր բնութագիրը:

Հիմնական դպրոցի «Բնություն» ինտեգրված առարկան ուսումնասիրվում է
հիմնական դպրոցի 5-6-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվում է հիմնարար գաղափարների հենքի վրա՝ գծային սկզբունքով:

Առարկայի ինտեգրված ձևաչափը պայմանավորված է սովորողների տարիքային զարգացման և աշխարհընկալման առանձնահատկություններով: Այն կառուցվում է տարրական դպրոցում ուսումնասիրվող «Ես և շրջակա աշխարհը» առարկայի
բովանդակության հենքի վրա և ապահովում է բարձր դասարաններում անցումը
բնության ուսումնասիրության նեղառարկայական ձևաչափի:

  •  Առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները: 

1. Առարկայի բովանդակության ձևավորման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը: Ուսումնական նյութը չպետք է լինի տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական կցագրում: Գիտելիքները պետք է համախմբվեն ուսումնասիրվող որոշակի օբյեկտների, երևույթների շուրջ՝ դրանք դիտարկելով իրենց փոխադարձ կապերով:
2. Առարկայի բովանդակությունը պետք է ունենա կիրառական ուղղվածություն՝ բնության մասին նախնական գիտելիքներ հաղորդելու հետ մեկտեղ առավելապես նպաստելով սովորողների փորձարարական կարողությունների ձևավորմանը:
3. Բովանդակությունը պետք է ունենա որոշակի էկոլոգիական ուղղվածություն՝ սովորողների մեջ ձևավորելով պարզ բնապահպանական միջոցառումներ պլանավորելու և իրականացնելու կարողություններ:
4. Առարկայի բովանդակությունը ձևավորելիս պետք է արդյունավետ զուգորդվեն գիտականության և մատչելիության սկզբունքները: Ուսումնասիրվող նյութերը մի  կողմից պետք է համապատասխանեն  բնական գիտությունների զարգացման ժամանակակից մակարդակին և բնության հիմնարար օրենքներին և օրինաչափություններին, մյուս կողմից դրանց ներկայացումը պետք է լինի պարզ, մատչելի և հետաքրքիր  սովորողների համար:
5. Առարկայի բովանդակությունը պետք է համապատասխանի սովորողների
արիքային զարգացման, աշխահընկալման առանձնահատկություններին:

  •   Ուսումնական գործունեության տեսակները:

Առարկայի ուսուցման գործընթացում կիրառվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները՝
— տեսական գիտելիքի յուրացում,
— ցուցադրումների, լաբորատոր աշխատանքների իրականացում,
— խնդիրների լուծում,
— ուսումնական նախագծերի իրականացում:

Նշված բոլոր գործընթացներում առանձնակի կարևորվում են ցուցադրումները,
պարզ փորձերն ու լաբորատոր աշխատանքները:

  •   Ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.

Ժամաքանակը յուրաքանչյուր դասարանում շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

  •  Թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

Բնագիտությունը 6-րդ դասարաններում բնության մեջ  մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն  գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
 Այն ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնապահպանական աշխատանքների, հայրենագիտական ճամփորդությունների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով և լաբորատորիայում, փորձի հիման վրա, աստղադիտարանում:
Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է: Սովորողը ծանոթանում է բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ, պարզ փորձերի միջոցով իր ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքների նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են սովորողների ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն,  ուսումնական աշխատանքը մինչև վերջ հասցնելու համառություն, ինքնուրույն վերլուծելու, եզրակացություններ անելու, համագործակցային ունակություններ, ինքնուրույն «հայտնագործություններ» կատարելու ձգտում:
Խմբային և նախագծային աշխատանքների շնորհիվ, նաև փորձերի և տեսական գիտելիքների հիման վրա 6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.

  • դիտել և նկարագրել երևույթը
  • կարողանալ չափել հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն,զանգված, ժամանակ, և այլն),
  •  հասկանալ նրանց անհրաժեշտությունը,
  • իմանալ նրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
  • բնության երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար
    ինքնուրույն վարկածներ առաջադրել,
  • փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնեն
  • նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, փորձեր կատարելու պարզագույն հմտություններ, փորձերից սեփական եզրակացություններ անելու հմտություններ, գիտելիքներ տիեզերքի, Երկիր մոլորակի, դրա կառուցվածքի, մայրցամաքների և օվկիանոսների մասին։
  • Ուսումնական միջավայր.

Քանի որ  բնագիտությունը  հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով, անհրաժեշտ է.

  • կահավորված լաբորատորիա,
  • համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
  • թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ,
  • բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն,
  • փորձերի և տեսական գիտելիքների համար անհրաժեշտ է դասին վերաբերվող ուսումնական նյութեր,
  • բակ-պարտեզ, ջերմոց, խաղողի և գինու դպրոց

Նախագծեր, ուսումնական նյութեր, որոնք կարող են իրականացվել դասավանդողի անհատական աշխատաժամանակի շրջանակում և կրթահամալիրի տնօրենի հրամանով

  1. դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր

«Իմ երկրագործական ամառ» նախագծի ամփոփում

Բույսերի բազմացում

Ուսումնական աշուն 2023

Բույսերի ուսումնասիրում, խնամք

«Ուսումնական գարուն» նախագիծ 

2.լաբորատորիայի, դպրոցի օրացուցային, ստուգատեսային նախագծեր

Արևորդի փառատոն

Բնագիտատեխնիկական ստուգատես

«Անթափոն կենցաղ». նախագիծ

Էկոտուր

Շրջակա միջավայրի պահպանության օր

3.գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղադրիչով որոշված

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

Բնագիտական փորձեր

Բնագիտական ֆլեշմոբեր

  • Ուսումնառության արդյունքների գնահատումը:

«Բնություն» առարկայից սովորողների գնահատման նպատակն է՝
• պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,
• բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,
• օգնել ուսուցչին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ
տարվող աշխատանքի ծավալն ու բավանդակությունը, հետադարձ կապի
միջոցով բարելավելու ուսուցման որակը:
Կիրառվում են քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահատումներ: Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման
մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի
արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է ուսուցիչը:
Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:
Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով:
Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:
Քանի որ, համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի՝ միավորային
գնահատումը կիրառվում է սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից,
ուստի 5-րդ դասարանի առաջին կիսամյակում անհրաժեշտ է կիրառել միայն
ձևավորող գնահատումներ՝ բացահայտելով և որակապես բնութագրելով սովորողների
բացթողումներն ու ձեռքբերումները: Միաժամանակ անհրաժեշտ է այնպես կազմակերպել գնահատման գոծընթացը, որպեսզի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից միավորային գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորվեն:
Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
• գիտելիք և ընկալում,
• տեղեկույթի կիրառում, խնդիրների լուծում,
• փորձարարական, հետազոտական հմտություններ:
Խուսափելով մեծաքանակ փաստերի մտապահմանն ուղղված առաջադրանքներից՝ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի սովորողների պարզագույն փորձարարական, հետազոտական կարողությունների ստուգմանը

  • Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքների ( նախագծային աշխատանք, անհատական աշխատանք, խմբային աշխատանք, որոնց արդյունքում ստեղծվում են՝ տեսաֆիլմ, պրեզենտացիա, ռադիո, տեսանյութերի թարգմանություններ և մեկնաբանություններ, փորձերի ստեղծում և ֆիլմի վերածում), որը կատարում են դասարանում և տանը։ Սովորողի կատարած ցանկացած աշխատանք դասարանում քննարկվում  և վերլուծվում է։
  • Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին և դրանց անդրադարձը, ֆլեշմոբերի մասնակցությունը:  Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը, ստուգատեսների մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Սովորողի ուսումնական աշխատանքի ամսեկան, կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:  Սովորողի  վաստակած գնահատականը կախված է նրա՝ դասարանական աշխատանքներին ցուցաբերած մասնակցությունից և տնային առաջադրանքների կատարումից։

Գնահատում՝

8-10 բալ ստացող սովորողները պետք է մասնակցեն և ունենան՝

  • Նախագծերի մասնակցություն
  • ֆիլմերի ստեղծում
  • փորձերի իրականացում
  • տեսադասերի վերլուծություն
  • թարգմանություններ ( տեքստ, ֆիլմ)
  • ֆլեշմոբերի մասնակցություն
  • գործնական աշխատանքների մասնակցություն և կազմակերպում
  • նախագծային համագործակցություն ընկերների հետ
  • դասարանում քննարկումների ակտիվ մասնակցություն
  •  առաջադրանքների  իրականացում

5-7 բալ ստացող սովորողները պետք է ունենան և մասնակցեն՝

  • Դասարանական աշխատանքներ
  • դասարանում մասնակցեն քննարկումներին
  • տնային առաջադրանքների մինիմալ կատարում
  • մասնակցություն գործնական աշխատանքներին
  • տեսանյութերի վերլուծություն
  • թարգմանություն

4 բալ

  • Դասարանում քննարկումների մասնակցություն։

6-րդ դասարանի ծրագրի թեմաները՝

Նյութերի փոխակերպումը

Մարմինների շարժումը և փոխազդեցությունը

Ջերմային, էլեկտրական երևույթներ

Էներգիան բնության մեջ

Ձայնային և լուսային երևույթներ

Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները

Օրգանիզմների կենսագործունեությունը

Օրգանիզմ և միջավայր

Մարդու առողջությունը

ՀՀ արդի բնապահպանական խնդիրները՝ նախագծի տեսքով

1.Նյութերի փոխակերպումը՝

Ֆիզիկական և քիմիական երևույթները: Փորձերի միջոցով ներկայացնել ֆիզիկական և քիմիական երևույթները և ներկայացնել բլոգներում:

Քիմիական ռեակցիաներ և դրանց ընթանալու պայմանները: Քայքայման և միացման ռեակցիաներ: Խմբային աշխատանք, կատարել փորձ դասարանում, այնուհետև խմբի անդամներով ներկայացնել արդյունքները:

Այրում: Ի՞նչ է այրումը: Հրդեհի հանգցնելու միջոցները:

Վառելանյութ: Վառելանյութերի տեսակները: Բաժանվել խմբերի դասարանում և տանը պատրաստել տեսանյութ վառելանյութի տեսակների մասին:

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր: Ընդհանուր հասկացությունը յուրաքանչյուր նյութի վերաբերյալ: Գործնական աշխատանք: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Ձեռք բերել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ
  • ինչպես տարբերակել միացման և քայքայման ռեակցիաները
  • ինչպիսի վառելանյութեր  կան ամբողջ աշխարհում, որ տարածքներում կան վառելանյութեր
  • որոնք են օքսիդների հատկությունները
  • ինչ է աղը, թթուն, հիմքերը և ինչ նշանակություն ունեն արդյունաբերության մեջ
  • քիմիական նյութերը ինչ նշանակություն ունեն

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր

ֆիզիկական և քիմիական  երևույթների օրինակները փորձերով հիմնավորել, տանը և դասարանում։ Բերել վառելանյութերի օրինակներ, որոնք օգտագործվում են կենցաղում: Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ինչ ազդեցություն ունեն քիմիական նյութերը բնության մեջ:

   2. Մարմինների շարժումը և փոխազդեցությունը: Գործնական աշխատանքներ խմբերով, բակում և դասարանում:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական շարժման ինչ տեսակներ կան
  • Մարմինների փոխազդեցությունը։ Ուժ
  • Առաձգականության ուժ, ուժի չափում, մարմինների ձևափոխության տեսակները:
  • Երկրի ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
  • Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում
  • Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր
Բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ: Ե՞րբ է մարմինը փոխում իր շարժման արագությունը: Այս թեմաներով նախատեսված է կատարել տեսական քննարկում-բացատրություն պրեզենտացիայի միջոցով  և գործնական աշխատանք: Որո՞նք են առաձգական երևույթները: Ի՞նչ նշանակություն ունի երկրի ձգողության ուժը և շփման ուժը: Ինչպե՞ս է տեղի ունենում մարմնի դուրս հրումը՝ հեղուկներում և գազերում:

    3. Էներգիա: Էներգիայի տեսակներ: Խմբային աշխատանք

Կրթական հիմնական խնդիրները.

  • Մեխանիկական աշխատանք և էներգիա
  • Էներգիայի տեսակները և փոխակերպումները
  • Էներգիան և կենդանի օրգանիզմները

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Ուսումնասիրել մեխանիկական աշխատանքը դրսում կատարելով փորձեր, օրինակ դասարանի յուրաքանչյուր խումբ առաջարկում են բեռի տեղափոխման տարբեր եղանակներ, այնուհետև խմբերը ներկայացնում են իրենց ընտրված աշխատանքի եղանակը և ապացուցում, որ այն ավելի էֆֆեկտիվ է: Ուսումնասիրում ենք էներգիայի փոխակերպումը գնդակ խաղալու միջոցով դրսում:

4.  Ջերմային, էլեկտրական  երևույթներ:

  •  Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
  • Ջերմային երևույթների բազմազանությունը
  • Ջերմային էներգիայի աղբյուրները
  • Մարմինների էլեկտրականացումը
  • Էլեկտրական հոսանք
  • Կայծակ

Լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Դիտել տեսաֆիլմ կայծակի մասին:

5. Լուսային և ձայնային երևույթներ: Գործնական աշխատանք:

  • Լույսի աղբյուրներ, լույսի ուղղաձիգ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումը:
  • Լույսի անդրադարձումը: Հայելիներ:
  • Լույսի բեկումը: Ոսպնյակներ: Աչք և տեսողություն:
  • Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան:
  • Ձայնի աղբյուրներ: Ձայնի տարածումը և անդրադարձումը:

Գործնական, լաբորատոր աշխատանքներ և փորձեր՝

Լույսի վերաբերյալ թեմաները ուսումնասիրվելու են ֆիլմերի և փորձերի միջոցով:

6. Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները:

  • Բջիջ, բջջի քիմիական բաղադրությունը, բջջի կառուցվածքը: Հյուսվածքներ:
  • Բույսեր: Արմատների ուսումնասիրություն, բույսի կառուցվածքը:
  • Ծաղկավոր բույսերի օրգանները։ Արմատ
  • Բույսի գեներատիվ օրգանները։ Ծաղիկ, պտուղ և սերմ

Լաբորատոր, գործնական և բակային աշխատանքներ

Սովորողներն ամբողջ տարվա ընթացքում զուգահեռ մյուս թեմաներին աշխատելու ենք բույսերի հետ: Ուսումնասիրելու ենք բույսերի բազմացման տարբեր եղանակներ, համեմատելու ենք դրանք, այնուհետև բույսերը տեղափոխվելու են դպրոցի բակ: Նախատեսվող նախագիծը վերաբերվելու է բույսերի կտրոնների արմատակալման տարբեր եղանակներին: 

Օձերից պաշտպանվելու եղանակներ